Ընտրական գործընթացին բնորոշ էր քննադատական ձայների լռեցումը. ԵՄ-ն՝ Ադրբեջանում ընտրությունների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրոպական արտաքին գործողությունների ծառայության խոսնակը հայտարարություն է կատարել Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Turan-ը։
«Փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ։ Սրանք առաջին ընտրություններն էին, որոնք անցկացվեցին Ադրբեջանի Հանրապետության ողջ տարածքում։ Նախագահ Իլհամ Ալիևը վերընտրվել է իր հինգերորդ ժամկետով։Եվրամիությունն ի գիտություն է ընդունում ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական հետևությունները և եզրակացությունները։ Առաքելության համաձայն՝ ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակող քաղաքական միջավայրում և այն օրենքների համաձայն, որոնք սահմանափակում են հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ներառյալ հավաքների, արտահայտվելու և լրատվամիջոցների ազատությունը:
Թեև ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ են իրականացվել, սակայն ընտրական գործընթացը բնութագրվում է քննադատական ձայների լռեցմամբ և քաղաքական այլընտրանքների բացակայությամբ։ Ընտրությունների օրը եղել է հանգիստ և, ընդհանուր առմամբ, կազմակերպված, սակայն դիտորդներն արձանագրել են պարտադիր ընթացակարգերի համատարած անտեսում, թափանցիկության պակաս և բազմաթիվ լուրջ խախտումներ:
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքները, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն այս և նախորդ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները։ ԵՄ-ն շարունակում է երկխոսությունն ու համագործակցությունը Ադրբեջանի հետ, այդ թվում՝ լավ կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում՝ ի շահ Ադրբեջանի ժողովրդի»,- ասված է հայտարարության մեջ։