Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից որևէ մեկի վրա, բայց եթե ՆԱՏՕ-ն ոտնձգություն անի, կստանա մեծ պատերազմ․ Մեդվեդև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից որևէ մեկի վրա, դա հասկանում են Արևմուտքի բոլոր ողջամիտ մարդիկ, «ВКонтакте»-ի իր էջում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ միևնույն ժամանակ զգուշացնելով՝ ՆԱՏՕ-ի կողմից գործողության դեպքում համարժեք պատասխան կհաջորդի։
Մեկնաբանելով Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող ամենախոշոր՝ Steadfast Defender 2024 զորավարժությունները, որոնք մեկնարկում են փետրվարին ու կտևեն մինչև մայիս, Մեդվեդևը գրել է․ «ՆԱՏՕ-ն կրակի հետ է խաղում»։
«Մենք այդ դաշինքի ոչ մի երկրի վրա չենք պատրաստվում հարձակվել։ Դա հասկանում են Արևմուտքի բոլոր ողջամիտ մարդիկ։ Բայց եթե նրանք շատ տարվեն խաղով և ոտնձգեն մեր երկրի ամբողջականության դեմ, անմիջապես կստանան համարժեք պատասխան»,- նշել է Մեդվեդևը՝ հավելելով,-« դա կնշանակի միայն մեկ բան՝ մեծ պատերազմ, որից ՆԱՏՕ-ն այլևս գլուխը չի ազատի»։