Կրակոցներ՝ Գորիսում, վիրավոր կա, հայտնաբերվել են BMW՝ կրակոցի հետքերով, պարկուճներ ու արնանման հետքեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 2-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ-ն Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիս քաղաքի ժողովրդին հայտնի Սրտաբանականի խաչմերուկում կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Մկրտչյանի և ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր և BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան կրակոցի հետքեր: Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքով 1 հոգի տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մասնակիցների մեջ է Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականվամբ Սուրիկ Խաչատրյանի եղբոր վարորդը, իսկ ոստիկանները մոտավորապես պարզել են վիրավորի ու կրակոցներ արձակողի ինքնությունը:
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի և BMW-ի սեփականատիրոջ ինքնությունը