Նոր Սահմանադրության իրավակարգավորումների հետ կապված քննարկումներ դեռևս չեն սկսվել. արդարադատության փոխնախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում նախատեսվող նոր Սահմանադրության ընդունման համատեքստում կոնկրետ իրավակարգավորումների հետ կապված քննարկումները չեն սկսվել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը:
«Դեռևս հստակ որևէ ժամկետ սահմանված չէ: Նույնիսկ դեռ քննարկումները սկսված չեն՝ կոնկրետ իրավակարգավորումների հետ կապված: Ուստի, այս պահին ժամկետների մասին խոսելը նույնպես արդի չէ»,-ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով քննարկումներին, թե փորձ է արվում Սահմանադրությունից հանել հղումն Անկախության հռչակագրին՝ նա ընդգծեց, որ դեռևս որևէ նոր իրավակարգավորումների շուրջ մասնագիտական քննարկում սկսված չէ: Նոր Սահմանադրության ընդունման հարթությունում որևէ քննարկում չի եղել թե՛ վերոնշյալ բովանդակությամբ, թե՛ առհասարակ:
Ըստ նրա՝ վարչապետը հստակ նշել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության հիմքերը:
Մկրտչյանն ընդգծեց՝ լեգիտիմ և ճիշտ Սահմանադրությունը երկրի իրավական հիմքն է, ոչ միայն տարածաշրջանում, այլ ընդհանրապես մրցունակության կարևոր բաղադրիչներից մեկն է: «Եթե մենք ունենք լավ Սահմանադրություն, գործող Սահմանադրություն և դրա հիման վրա կառուցում ենք սոցիալական, ժողովրդավարական հանրապետություն, ուրեմն մենք հզոր ենք դրանով: Գործող Սահմանադրությամբ էլ մեր երկիրը ժողովրդավար և մրցունակ է, սակայն հասարակական հարաբերությունները զարգացող հարաբերություններ են, իրավունքը նույնպես զարգացող հարաբերություն է, դրանք քարացած չեն և ենթակա են փոփոխության»,-նշեց նա: