«Շղթայված սմայլիկն» ու ՔՊ-ի հերթական մանիպուլյացիան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանում ցանկացած լուրջ քաղաքական կամ աշխարհաքաղաքական զարգացումից առաջ դաշտ են նետում հերթական կեղտոտ մանիպուլյացիաները՝ փորձելով հանրության ուշադրությունը շեղել բնավ ոչ առանցքային և կարևոր նշանակության հարցերի վրա։
Երեկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր էջում գրել է, թե Հայաստանի օրհներգը վաղ, թե ուշ պետք է փոխվի։ Ըստ Սիմոնյանի՝ նոր օրհներգը պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան։ Այն, որ ՔՊ-ական հերթական պաշտոնյան տեղյակ չէ, օրինակ, Բարսեղ Կանաչյանի պես երգահանի գործունեությունից, զարմանալ պետք չէ, միակ անունը, որ, ըստ ամենայնի, լսել է Ալեն Սիմոնյանը, Արամ Խաչատրյանն է։
Սիմոնյանը նաև պնդում է, թե պետք է փոխել Հայաստանի զինանշանը։ «Առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»,- գրել է Սիմոնյանը։
Թեպետ «Քաղաքացիական պայմանագիրը» պնդում է, որ օրհներգի և զինանշանի փոփոխման հարցն իրենց օրակարգում չկա, ակնհայտ է, որ այս հարցը նետել են շրջանառության մեջ ընդամենը հանրային ուշադրությունը հերթական անգամ շեղելու։ Գաղտնիք չէ, որ հայ հասարակությունը բավական ծանր է տանում օրհներգի և զինանշանի դեմ ոտնձգությունները՝ հասկանալով, որ գործող իշխանություններն ամենևին էլ սեփական նախաձեռնությամբ կամ Հայաստանի օգուտի համար չեն նման նախաձեռնություններով հանդես գալիս և չի բացառվում, որ այս անգամ էլ փորձեն զինանշանից վերացնել, օրինակ, Արարատը, ինչպես պահանջում է Թուրքիան։ Ուստի և հարկ է ընդգծել, որ գործող իշխանությունը կրկին «ճիշտ» խաղադրույք է կատարել հանրության ուշադրությունը շեղելու, հանրությանը հերթական կեղտոտ խաղով մանիպուլյացնելու, իսկ արանքում մեր երկրի դեմ նոր դավադրություններ կազմակերպելու առումով։
Սամվել Նասիբյան