Կարեն Վանեցյանը մեկնաբանել է իր «ձերբակալության» մասին լուրերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆExoil Group հոլդինգի սեփականատեր Կարեն Վանեցյանը RBC-ին հայտնել է, որ ազատության մեջ է։
«Ես ազատության մեջ եմ, ինձ մոտ ամեն ինչ կարգին է, գրասենյակն աշխատում է, ամենն ընթանում է բնականոն հունի մեջ»,- ասել է նա՝ նշելով, որ «ոչ մի ձերբակալում չի եղել»։
Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ-ին և ոստիկանության տարածքային բաժնին մոտ կանգնած RBC-ի աղբյուրները հայտնել էին, որ Վանեցյանը բերման է ենթարկվել Մոսկվայի կենտրոնում։ Գործարարի նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարվել՝ իբրև ԶՊՄԿ բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացում «փողերի լվացման» գործով։
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը ևս հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ նա ազատության մեջ է։ Պաշտպանները հերքում են նաև հայ իրավապահների մեղադրանքները և ընդգծում, որ Կարեն Ռոբերտի Վանեցյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-ից մինչ օրս չի եղել Հայաստանի Հանրապետությունում, նախքան այդ ՀՀ-ում առհասարակ երկարատև չի գտնվել, մշտապես չի բնակվում ՀՀ-ում, այլ զբաղվում է խոշոր ձեռնարկատիրական գործունեությամբ մի շարք երկրներում, այդ թվում ՌԴ-ում: