Հայաստանը վերջապես կանդամակցի «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած նախագծով գործադիրը կվավերացնի «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել էր դեռևս ինը տարի առաջ՝ 2015 թվականի հունիսի 29-ին, իսկ ՀՀ անդամակցության գործընթացի հետ կապված բանակցությունները սկսվել էին դեռևս 2016 թվականից։ Համաձայնագիրն առաջարկվում է ընդունել կից վերապահումով։
Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում։ Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն և բարելավել ենթակառուցվածքները՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում և այլ արդյունավետ ոլորտներում, խթանել տարածաշրջանային զարգացումը Ասիայի և Օվկիանիայի տարածաշրջանում՝ այլ միջազգային բազմակողմ և երկկողմ զարգացման կառույցների հետ սերտ համագործակցությամբ։ Բանկին անդամակցում են 106 հաստատված անդամ երկրներ, իսկ հիմնադիր 57 անդամ երկրների թվում են՝ Իրանը (2,541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26,099 բաժնեմաս) և Ադրբեջանը (2,541 բաժնեմաս)։
Բանկին անդամակցության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում Բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող և ցպահանջ բաժնեմասերի միջոցով: Մեկ բաժնեմասի արժեքը 100 հազ. ԱՄՆ դոլար է։
2017թ․ Հայաստանը դիմում-հայտ էր ներկայացրել Բանկին, որով Հայաստանի անդամակցությունը Բանկին նախատեսվում էր 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ։
2019թ․ ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկել էր, որ Հայաստանը 5 բաժնեմասով բաժանորդագրվի Բանկին, սակայն առաջարկը սկզբունքորեն մերժվել էր Բանկի կողմից՝ նշելով, որ 5 բաժնեմասով բաժանորդագրված են բացառությամբ ամենափոքր թեկնածուները:
Նշվում է, որ ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին՝ միաժամանակ համագործակցելով զարգացման բազմակողմ և երկկողմ այլ հաստատությունների հետ և ներգրավելով պետական և մասնավոր կապիտալի ներդրում: Անդամակցումը նպատակահարմար է նաև վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից։
Վահե Մակարյան