Մհեր Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման սկզբունքներն ու իրավական հիմքերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են NEWS.am-ին, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները:
Փոխվարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որով հստակ նկարագրվում է տարածաշրջանում տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային կապերի ապաշրջափակման հեռանկարը, կառուցվածքը, տրամաբանությունը և հիմնական սկզբունքները: Զրուցակիցները քննարկել են նաև սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով պետական հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա ամսվա վերջին․ կոնկրետ օրը, ժամը և վայրը պետք է լրացուցիչ համաձայնեցվի։ NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին հայտնել է, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ սպասվող հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի, իրավական ակտերի տեսակները և տիպերը, պետք է նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են: