Հովհաննես Հարությունյանը նոր ակումբ ունի․ պաշտոնական
ՍՊՈՐՏ«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը տեղափոխվում է ռուսական «Սոչի», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հարությունյանը խաղացել է ակումբի ակադեմիայի տարբեր տարիքային խմբերում և 2016 թվականին նորամուտը նշել «Փյունիկի» գլխավոր թիմում: Հարությունյանը 2021-ին «Արարատ-Արմենիայից» վերադառնալով հարազատ ակումբ՝ օգնել է թիմին նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Այդ մրցաշրջանում Հարությունյանը ներքին առաջնություններում 34 խաղից հետո դարձել էր 4 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հարությունյանը նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» գույներով հատեց 100 հանդիպման շեմը: Արդեն 2023/24-ի աշնանային հատվածում թիմի սանը գրանցեց անձնական ռեկորդ ու անցկացնում էր կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանը. ներքին մրցաշարերում Հովհաննեսն իր անվան դիմաց ունի 11 գոլ և 3 արդյունավետ փոխանցում:
Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվեց ազգային ընտրանու կազմում: Նա ընդգրկվել է նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում 2022-ի արդյունքներով: