Փաշինյանական վարչախումբը ցույց է տալիս քծնող մտավորականների իրական տեղը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ2018 թվականի իշխանափոխությունից հետո մշակույթի որոշ գործիչներ մինչ օրս շարունակում են աջակցել գործող վարչախմբին՝ բնավ հաշվի չառնելով ո՛չ այդ իշխանության քայլերն Արցախի դեմ և ո՛չ էլ նույնիսկ մշակույթի դեմ Փաշինյանի իշխանության ապազգային գործողությունները։ Ազգային ժողովն այս օրերին քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով առաջարկում է հանել որոշ ժողովրդական և վաստակավոր կոչումներ։
Ընդսմին, մինչ երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր իրավիճակում, իսկ մեր տարածաշրջանը եռում է, Հայաստանի գործող իշխանությունները զբաղված են «հույժ կարևոր» գործով՝ պարզապես թիթեռ են նկարում։ Թե որքանով է վարչախումբը վերաբերվում մշակույթին, ընդհանրապես կարելի է պատկերացնել՝ երեկ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությունից. «Ո՞վ է այս մարդկանց ճանաչում։ Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Միրզոյան Փարավոն, ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, կարող էի ցանկն ավելի ընդլայնել, բայց չեմ հասցնի ժամանակի մեջ, որևէ մեկս միթե ճանաչում է այս անձանց որպես ժողովրդական արտիստ, եթե դուք հիմա հարցում անեք, ժողովրդի մեծամասնությունն իրոք չի ճանաչում»,- ասել է արդարադատության փոխնախարարը։
Միգուցե ՔՊ-ական պաշտոնյան չի ճանաչում թատերական գործիչներին ու գրողներին, հանրությունը, սակայն, հրաշալի գիտի ով, ով է։ Ի դեպ 2018 թվականից հետո Նիկոլայ Ծատուրյանը, որն ինքնամոռաց նվիրվել է գործող վարչախմբի բոլոր ապազգային քայլերն արդարացնելու գործին, իսկ երեկ «արդարացիորեն» զարմացել է. «Նախ ինձ շատերը գիտեն, շատերը գիտեն, լավ էլ ճանաչում են, իզուր տեղը թող չբարբաջի, իրեն իմ անունից ասեք, թող «ռեխը» փակի»։
Թերևս հենց իշխանության վերաբերմունքն իրեն քծնողների հանդեպ կարելի է բնորոշել որպես իրական վերաբերմունք, իսկ այն, ինչ անում են «ծատուրյանների» նկատմամբ, լիովին օբյեկտիվ է։
Սոնա Մխիթարյան