Զենք-զինամթերք է հանձնվել․ մանրամասներ
ԻՐԱՎՈՒՆՔԾանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման, նաև հասարակական կարգի անվտանգության ապահովման երաշխիքներից մեկն էլ քաղաքացիների մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի առգրավումն է, և այդ ուղղությամբ ոստիկանությունը շարունակում է նպատակային քարոզչական աշխատանքը: Վերջին օրերին ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքերից առանձնացրել ենք մի քանիսը: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Շինուհայր գյուղի 49-ամյա բնակիչը ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնել է ատրճանակ-գնդացիր: Նա հայտնել է, որ այն հայտնաբերել է իր տան նկուղում՝ 1992 թ. պատերազմում զոհված հորեղբոր սնդուկի միջից:
Հունվարի 8-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ աղբյուրի մոտ թողել է զենք, որը հետը բերել էր 44-օրյա պատերազմից հետո: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գնդացիր և տարբեր տրամաչափի 18 փամփուշտ:
Հունվարի 10-ին ոստիկանության Իջևանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, թե քաղաքային աղբավայրի մոտ է թողել վերջին պատերազմից հետը բերած զենք-զինամթերքը: Մեկնած իրավապահները նշված վայրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել են նռնակ` պայթուցիչով, երկփողանի ողորկափող հրացան և ինքնաձիգի 182 փամփուշտ:
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: