Ողբերգական վթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Opel-ը, Honda-ն ու Nissan-ը. մահացածին մեքենայի տակից են դուրս բերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են BMW, Opel, Honda և Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Փրկարարները BMW-ի տակից դուրս են բերել մահացած կնոջ մարմինը և պատգարակով մոտեցրել դիատարին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաներից Honda-ն և Nissan-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված են եղել, և բախումը տեղի է ունեցել BMW-ի և Opel-ի միջև:
Քննիչի հանձնարարականով BMW-ն ու Opel-ը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: