Վարչապետի այցից հետո եղած հրաժարականներն անձամբ ինձ էլ են ազդակ, թե ինչպես պետք է աշխատել․ Գրիգոր Մինասյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲոլորս տեսանք վարչապետի այցերի արդյունքում հրաժարականներ և համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նա նշեց, որ թերի աշխատանքը պետք է ունենա իր հետևանքները։
Լրագրողի հարցին՝ վարչապետի մարզային այցերից հետո հայտնաբերված խախտումների մասով կա՞ն արդյոք հարուցված քրեական վարույթներ, նախարարը ասաց․
«Քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն գոնե իմ ունեցած տեղեկություններով։ Բնականաբար մեր իրավապահները, հատկապես այս դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեն, ուսումնասիրում են, որպեսզի հասկանան՝ արդյոք այդ մրցույթի հայտարարման տեխնիկական առաջադրանքներում և հանձնման ընդունման ակտի միջև անհամապատասխանություններ կան, թե ոչ։
Եթե կան, բնականաբար վարույթներ կլինեն։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած պրոցեսներին, կարծում եմ, որ շատ նորմալ գործընթաց է, երբ ղեկավարը տեսնում է, որ որևէ գերատեսչություն թերանում է, բնական է, որ պետք է լինեն հետևանքներ։ Նախկինում կամ այլ պայմաններում դա կարող էր լինել ոչ բացահայտ, բայց ի ուրախություն ինձ և բազմաթիվ քաղաքացիների, թափանցիկ կերպով տեղի են ունենում գործընթացներ։
Դա ազդակ է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, նախարարներին, ինձ անձամբ, թե ինչպես է պետք աշխատել և ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից»,- ասել է Մինասյանը։