Սյունիքում հրազենային ու դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդականի ծակած կույր վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետն ու ոստիկանության Կապանի բաժնի պետը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Կապանի բնակիչ, 33-ամյա Մհեր Աբգարյանն է։
Տեղում պարզվել է նաև, որ «ձախ թիկնային գծով երրորդ գոտկային ողի մակարդակի գնդակային վիրավորում» ախտորոշմամբ ևս մեկ հոգի է տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն։
Տեղում ոստիկանները պարզել են, որ նա Կապանի բնակիչ, 30-ամյա Արարատ Դավթյանն է։
Բժիշկները հայտնել են, որ նա նույնպես ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ահազանգով ժամանել են Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև որտեղ և ինչ պայմաններում են նրանք վնասվածքներ ստացել։