Ռաիսին քննադատել է միջազգային կազմակերպություններին Գազայում ստեղծված իրավիճակում նրանց անարդյունավետության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է ներկայանան Միջազգային քրեական դատարան՝ մարդկության դեմ հանցագործությունների համար, հայտնում է IRNA-ն։
Նախագահ Ռաիսին այս հայտարարությունն արել է շաբաթ օրը՝ ելույթ ունենալով Պաղեստինի վերաբերյալ Թեհրանի միջազգային համաժողովում, որը հավաքել էր համաշխարհային առաջնորդներին, մտավորականներին և լրատվամիջոցների ակտիվիստներին՝ քննարկելու Գազայի հատվածի պատերազմը:
Ռաիսին հաստատել է, որ «պաղեստինյան գործը ոչ միայն կենտրոնական է իսլամական աշխարհի համար, այլև վճռորոշ է ողջ մարդկության համար»:
«Գազայի հակամարտության ընթացքում բացահայտվեցին Միացյալ Նահանգների և շատ արևմտյան ուժերի իրական գույները: Նրանք ոչ թե խաղաղության կողմնակիցներ են, այլ պատերազմի կողմերից մեկը»,- ասաց նա։
«Նրանք վետո են դրել հրադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի առաջարկած ցանկացած բանաձևի վրա: Նրանք Սիոնիստական ռեժիմին լիարժեք հասանելիություն են տվել իրենց ռազմական, ֆինանսական և անվտանգության ռեսուրսներին»,- հավելել է նա:
Իրանի նախագահը նաև քննադատել է միջազգային կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշտպանության մարմինների անարդյունավետությունը Գազայի հատվածում ծավալվող ողբերգության առջև և մեղադրել «անարդար աշխարհակարգին»՝ «մարդկության դեմ նման նողկալի հանցագործությունները շարունակելու համար»: