Արցախի հարցի փաստաթղթային հանձնումը տապալվել է․ Տիգրան Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախի նախագահը պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ ընդլայնված կազմով խորհրդակցություն է արել, որի ընթացքում քննարկվել է Արցախից բռնի տեղահանված արցախցիների խնդիրները:
Արցախցիների խնդիրներն այսօր բազմաթիվ են` քաղաքականից մինչև անձնագրային, սակայն ուշագրավ է, որ նախագահ Շահրամանյանն անդրադարձել է թերևս ամենաքննարկվող և անկյունաքարային հարցին` ի՞նչ է լինելու հայտնի հրամանագրի ճակատագիրը, որը ենթադրում էր Արցախի պետական ինստիտուտների և պետականության լուծարում:
Սամվել Շահրամանյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:
Նշեմ, որ ավելի վաղ նրա խորհրդականն էր հայտարարել, որ այդ հարցը լուծվել է հոկտեմբերին:
Այս հարցին, միգուցե, մանրամասն չանդրադառնայի, որովհետև մեծ առումով կանխատեսելի էր, սակայն նկատեցի, որ փաշինյանական քարոզչամեքենան` իր կարկառուն ներկայացուցիչներով, հարձակման է անցել:
Որքան հասկանում եմ այդ արձագանքներից, վերջիններիս հիասթափությունը նրանում է, որ Արցախի հարցի փաստաթղթային հանձնումը տապալվել է, իսկ դա նշանակում է, որ արցախցիների համար հանուն Արցախի պայքարը մնում է օրակարգում, իսկ միջազգայնացման հարցն, ամենայն հավանականությամբ, կդրվի Արցախի խորհրդարանի ձևավորված միջազգային հանձնախմբի վրա»: