Հարկավոր է քայլեր ձեռնարկել Ադրբեջանին՝ բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ․ դեսպանը՝ Միշելին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 18-ին Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Ողջունելով և հաջողություն մաղթելով դեսպան Բալայանին` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խթանմանն ուղղված նախաձեռնությունները և վստահեցրեց դրանց աջակցելու իր պատրաստակամությունը։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Տիգրան Բալայանը նշեց, որ Հայաստանը նպատակադրված է հավելյալ ջանքեր գործադրել Եվրոպական միության և անդամ երկրների հետ փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։
Կարևորելով և բարձր գնահատելով Հարավային Կովկասում խաղաղության հաստաման ուղղությամբ Շառլ Միշելի անձնական ջանքերը՝ դեսպան Բալայանը շեշտեց, որ բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտումներն Ադրբեջանի կողմից և դրանց համար հետևանքների բացակայությունն ի վերջո հանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, ուստի հարկավոր է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող բոլոր որոշումների կատարման և Ադրբեջանին՝ բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ։
Դեսպանը Եվրոպական խորհրդի նախագահին մանրամասներ հաղորդեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի օրեցօր ավելացող նկրտումների և խաղաղությանն ուղղված գործընթացը ձախողելու շարունակական փորձերի մասին, այդ թվում՝ Գրանադայում և Բրյուսելում նախատեսված բանակցություններին չներկայանալու իրական պատճառների վերաբերյալ։
Երկուստեք մտքեր փոխանակվեցին նաև սահմանազատման գործընթացի և հաղորդակցության ուղիների և ճանապարհների ապաշրջափակման մասին, որի շրջանակներում դեսպան Բալայանը հանգամանալից ներկայացրեց ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, և ընդգծեց այն Եվրոպական միության «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության մեջ ներառելու կարևորությունը։
Հանդիպման ավարտին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խնդրեց իր ողջույնի խոսքերը և բարեմաղթանքները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին