Արցախի վերադարձը պետք է դիտարկել որպես իղձ, նպատակ, համազգային գաղափար․ Արմեն Աշոտյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով տեւական ժամանակ անազատության մեջ է, կալանավայրից էլ շարունակում է ակտիվ քաղաքական գործունեությունը, այդ թվում՝ շաբաթը մեկ անգամ պատասխանելով քաղաքացիներին ամենից շատ հետաքրքրող հինգ հարցի։ Հարցաշարը ներկայացնող ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը նշում է, որ հանրության շրջանում աճում է Աշոտյանի խոսքի նկատմամբ հետաքրքրությունը եւ շաբաթական կտրվածքով հարցերի քանակն արդեն հատում է 200-300-ի սահմանը։ Դրանք բազմաբնույթ հարցեր են, որոնք վերաբերում են թե քաղաքականությանը, թե Արմեն Աշոտյանի անձնական կյանքին։
Նատալյա Արցախ․ «Խնդրում եմ ասեք՝ մենք երբեւէ Արցախը կարո՞ղ ենք վերադարձնել։ Եվ եթե այո՝ ինչպե՞ս։ Միայն թե խնդրում եմ՝ իրատեսական տեսանկյունից պատասխանեք»։
Արմեն Աշոտյան․ «Այո, կարող ենք։ Եվ սա ոչ թե ռոմանտիկ, զգացմունքային կամ պաթետիկ պնդում է, այլ ձեր ասած՝ իրատեսականություն։ Ինչպե՞ս։ Հարցն ունի իր իրատեսական պատասխանը։ Արցախի կորուստը անդառնալի կդառնա, եթե նրանից հրաժարվենք մեր մտքում, մեր սրտերում, մեր հիշողության մեջ։ Ուստի առաջին պարտադիր պայմանն է Արցախի վերադարձը դիտարկել որպես իղձ, նպատակ, համազգային գաղափար։ Պատահական չէ, որ անգամ Արցախը հայաթափելուց հետո Ալիեւը շարունակում է ջանք գործադրել, որ իր ասած ռևանշը տեղի չունենա, որ այդ կորուստը ամրագրվի հայ-ադրբեջանական պայմանագրով։ Երկրորդ պարտադիր պայմանը այդ նպատակին հասնելու համար համալիր ջանքեր գործադրելն է, հայկական ներուժի ամբողջական բացահայտումը եւ ուղղորդումը, պետության հզորացումը, ազգային մոդեռնիզացիան։
Քանի որ Արցախի հիմնախնդիրը նաեւ գլոբալ քաղաքական նշանակություն ունի, ուստի ասվածի երրորդ պարտադիր պայմանն է բարենպաստ միջազգային իրավիճակը, գեոպոլիտիկ կլիման։ Պատմությունը վկայում է, որ դա էլ է հնարավոր։ Եթե կարճ ամփոփեմ մոտեցումս, ապա Արցախը վերադարձնելու համար պետք է ցանկանանք աշխատել եւ բարենպաստ պայմաններում պատրաստ լինենք իրագործել մեր իղձը։ Այն, որ սա հնարավոր է, ապացուցել են նույն հրեաները՝ իմ ասած բանաձեւով․ մոտ 2000 տարի անց վերադարձնելով Երուսաղեմը։ Ինչպես նկատեցիք, իմ նկարագրած ալգորիթմը եւ Փաշինյանը անհամատեղելի են։ Ուստի նախեւառաջ Հայաստանում պետք է իշխանություն փոխել»։
Գարիկ Ավանեսյան․ «Նիկոլը գիտենք, որ դավաճան է։ Ձեր կարծիքով՝ Նիկոլն էլ ի՞նչ է բերելու մեր գլխին»։
Արմեն Աշոտյան․ «20182 թ.-ից սկսած՝ ես եւ իմ գործընկերները զգուշացնում էինք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը գա եւ մնա իշխանության։ Այդ ժամանակ մեզ քչերն էին լսում։ 44-օրյա պատերազմը բացեց շատերի աչքերը, բայց Փաշինյանի արյունալի կառավարումը շարունակվում է։ Թե ինչ է բերելու նրա շարունակվող վարչապետությունը, «Հանրապետական» եւ ընդդիմադիր այլ գործիչներ մանրամասն հաստատում եւ հիմնավորում են։ Եթե ես կարճ ասեմ, ապա հիշեցնելու եմ 2018թ.-ի մայիսի 1-ին ԱԺ-ում իմ ելույթը։ Այն է՝ Նիկոլ Փաշինյանը դառնալու է Հայաստանի Հանրապետության վերջին կամ կործանման վարչապետը»։
Աղբյուրը՝ Aravot.am