ԱԳ փոխնախարարը ՄԱԿ քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է բռնահանված արցախցիների իրավունքների հասցեագրման հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 11-ին Ժնևում ընթացող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառումների շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քատուղարի փոխտեղակալ Իլզե Բրանդս Քեհրիսին։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ հանձնառությունները: Հանդիպմանը քննարկվել են ԼՂ էթնիկ զտման հետևանքով Հայաստան բռնի տեղահանված 100 հազար հայության կարիքների և իրավունքների հասցեագրմանը վերաբերող հարցեր։
Նախարարի տեղակալը ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում վաղ ազդարարման մեխանիզմների լավարկման, միջազգային հանրության կողմից դրանց արդյունավետ արձագանքման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ։