Լեպեխին. Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստացան իրենց բոնուսները, իսկ Ռուսաստանը լքում է Հարավային Կովկասը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈ՛չ Բաքուն, ո՛չ Երևանը բացարձակապես ռուսական միջնորդության կարիք չունեն, նրանք միասնական են այն հարցում, որ Ռուսաստանը դուրս գա Հարավային Կովկասից։ Այս մասին դեկտեմբերի 8-ին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։
Նա հավելել է, որ Ադրբեջանն ունի իր դաշնակիցները, այդ թվում՝ Թուրքիան, իսկ Հայաստանը շարժվում է դեպի Արևմուտք, ուստի Ռուսաստանը ոչ մեկին պետք չէ։
«Հայ գերիներին ազատ արձակելու Ալիևի որոշումը նվեր է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենին, որը վերջերս այցելել էր Ադրբեջան։ Պետքարտուղարի օգնականը շահագրգռված է ցույց տալ իր ուղևորության արդյունքները։ Դրանով հետաքրքրված է նաև նրա ղեկավար Բլինքենը։ Ալիևը դա շատ լավ հասկանում է, և որպեսզի ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հարմարվող լինի և ասի, որ Ադրբեջանը ճիշտ ուղղությամբ է գնում, պետք էր նրան նվեր մատուցել։ Ալիևը հենց դա էլ արեց․ նա հայտարարեց պատանդներին ազատելու և Հայաստանի հետ երկխոսության գնալու պատրաստակամության մասին։
Բոլորը ստացան իրենց բոնուսները։ Բայց ամենամեծ բոնուսը ստացավ ԱՄՆ-ն, որը գոհ կլինի նրանով, որ վերահսկում է իրավիճակը, մտնում է տարածաշրջան որպես խաղաղարար, իսկ Ռուսաստանն այնտեղից հեռանում է»,- նշել է փորձագետը։
Նա չի բացառել, որ Մոսկվան, ի պատասխան սրա, կարող է հանդես գալ Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։
«Բայց դրանք ոչ մի բանի չեն հանգեցնի. Ռուսաստանն այսօր դիրքորոշում չունի Հարավային Կովկասի հարցում, ուստի այդ փորձերն անիմաստ կլինեն»,- պարզաբանել է Լեպեխինը։
Ըստ նրա, Ռուսաստանը չի կարող սառեցնել իրավիճակը տարածաշրջանում։
«Ռուսաստանը կարող է սառեցնել միայն ինքն իրեն, այն չի կարող սառեցնել որևէ բան Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս։ Եթե նա հեռանում է Հարավային Կովկասից կամ այնտեղից նրան դուրս են մղում, էլ ինչպե՞ս կարող է ինչ-որ բան սառեցնել։ Ռուսաստանն այլ խնդիրներ ունի, այն գնալով խորանում է տնտեսական խնդիրների մեջ։ Բացի այդ, ընթանում են նախագահական ընտրությունների, ինչպես նաև Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Մնացած ամեն ինչ կատարվելու է մնացորդային սկզբունքով»,- եզրափակել է քաղաքագետը։
Արամ Դանիելյան