Փախստականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 8-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի նախագահությամբ տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ նվիրված հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք Փախստականների համաշխարհային ֆորումին Հայաստանի մասնակցությանը: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Քննարկման ընթացքում ներկայացվել են փախստականների պաշտպանության հարցերով ՀՀ առաջնահերթությունները, մասնավորապես ընդգծվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու նպատակով միջազգային հանրության կողմից աջակցության տրամադրման կարևորությունը ոչ միայն հրատապ խնդիրների լուծման, այլ նաև միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման, կայուն կենսապայմանների ստեղծման նպատակով: Այս համատեքստում նշվել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատանքների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Հայաստանի կողմից Ֆորումի ընթացքում ստանձնվելիք կամավոր պարտավորությունների համատեքստում տեղեկացվել է, որ դրանք ներառում են այնպիսի խնդիրներ ինչպիսիք են ԼՂ փախստականների համար տնտեսական գործունեության, աշխատանքի և կացարանների ձեռքբերման հնարավորությունների ստեղծումը, առողջապահական ծառայությունների մատչելիության և կրթության իրավունքի ապահովումը, կանանց համար հատուկ ծրագրերի իրականացումը և այլն:
Ներկաներն ընդգծել են, որ Հայաստանն ունենալով փախստականների ընդունման և նրանց կարիքների ապահովման երկարամյա փորձ՝ Ֆորումի ընթացքում կկիսվի նաև փախստականների հետ աշխատանքի իր դրական փորձով:
Հանդիպմանը բացի Ֆորումի աշխատանքներին մեկնող պատվիրակության անդամներից մասնակցել են նաև շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, փախստականներ:
Տեղեկանք: Փախստականների համաշխարհային ֆորումը, որն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 13-ից 15-ը, անցկացվում է չորս տարին մեկ անգամ և փախստականների հարցերի վերաբերյալ ամենամեծ միջազգային հավաքն է: Ֆորումի նպատակն է նպաստել 2016 թվականի Նյու Յորքի հռչակագրի և 2018 թվականի Փախստականների համաշխարհային համաձայնագրի դրույթների իրականացմանը՝ երկրների կողմից կամավոր հանձնառությունների ստանձման միջոցով: