Չե՞ք հոգնել այդ համեմատություններն անելուց․ որ հարց եմ տալիս, կոնկրետ պատասխանեք. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյն ժողովրդավարական երկրները, որոնց ձգտում եք հասնել, արդյո՞ք ուսումնասիրել եք՝ քանի հոգի է կալանավորվել ֆեյսբուքյան գրառման կամ այլակարծության համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Այս իշխանությունը ձախողելով երկրի կառավարումը, բերելով հազարավոր զոհեր, հսկայական տարածքային կորուստներ՝ անընդհատ խոսում է ժողովրդավարությունից։ Հստակ տեսնում ենք, որ կա տարբերակված մոտեցում, այդ ամենը աշխատում է, երբ մարդը խոսում է իշխանության դեմ, իսկ երբ հակառակն է լինում, կոծկվում, գնում է, ոչ մեկ չի էլ իմանում։ Կոնկրետ այդ երկրներում քանի՞ հոգի կա կալանավորված նմանատիպ դեպքերով»,- նշեց Քոչաւյանը։
Փաշինյանը պատասխանեց, որ իրենք չեն կարող բոլոր երկրների վիճակագրությանը հետևել․ «Բայց կարող ենք մենք համեմատել Հայաստանի Հանրապետության նախկին շրջանի հետ և կարող ենք ասել, որ քաղաքական գործիչները պադյեզդներում չեն սպասվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, սրա-նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, «Եռաբլուրի» հողամասերը չեն սեփականաշնորհում։ Մենք հետևում ենք միջազգային կազմակերպությունների զեկույցներին, որոնք արդեն 5 տարի շարունակ արձանագրում են Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ոլորտում, համարում ենք արդյո՞ք որ մեր ժողովրդավարությունն անթերի է, մենք հասել ենք մեր երազած ժողովրդավարությանը, ապա ոչ, այդպես չենք համարում։ Չեմ կարող չընդգծել, որ հսկայածավալ բարեփոխումներ ենք իրականացրել և կասկած չունեմ, որ մենք նաև անկախ դատական համակարգիմ արդարության և արդարադատության մեր իդեալին հասնելու ենք»։
«Չե՞ք հոգնել այդ համեմատություններն անելուց։ Գնանք մինչև Ստալին հասնենք, որ մարդկանց էին գնդակահարում։ Արդեն 6 տարի է՝ իշխանության եք, որ հարց եմ տալիս, փորձեք կոնկրետ պատասխանել, ես խոսում եմ կոնկրետ երկակի ստանդարտների մասին։ Ես կարող եմ խոսել այն մասին, որ վարչապետի ավտոշարասյունը հղի կնոջ է վրաերթի ենթարկում, լայաղ չի էլ անում մի հատ կանգնի, ես այդ դաշտ չեմ մտնում, ես կոնկրետ հարց եմ տալիս։ Արդարադատության հետ կապված խնդրում եմ մի ծիծաղեցրեք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում, երբ խոսքը գնում է քաղաքական որևէ գործընթացի մասին, ապա ուղղակի այնտեղ նստած պեճատում են»-, արձագանքեց Լևոն Քոչարյանը։
Փաշինյանն էլ իր հերթին արձագանքեց․ «Իրավունք ունեք հիշել Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպը, նրանք ովքեր, «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանել են ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանին։ Սահամանդրական իմ պարտականությունն է՝ պատասխանել ԱԺ պատգամավորների հարցերին և ես նաև չեմ հոգնում ձեր հարցերին պատասխանելիս որովհետև դրանք շատ մեծ օգուտներ են բերում։ Դուք տալիս եք հարցեր, ես տալիս եմ իմ պատսխանը, ինչքանով է ձեզ դա գոհացնում, դա ձեր գնահատականն է, ես տալիս եմ այն պատասխանը, որը դուք պետք է ընդունեք ի գիտություն, ինչպես ես եմ ձեր հարցը ընդունում ի գիտություն»։