Լարսի փակումը «կջարդեն» Քերոբյանի գլխին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎերին Լարս անցակետով Հայաստանից գյուղմթերքների և այլ ապրանքների արտահանման արգելքը Ռուսաստանի իշխանությունների կողմից լրջագույն տնտեսական և քաղաքական հետևանքների կարող է հասցնել, ընդ որում իշխանությունն իր մեջից կարծես թե գտել է այն մեկին, ում գլխին էլ ջարդելու է Լարսի անցակետի փակումը, և այդ մեկը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է, որն ի պաշտոնե պարտավոր է ապահովել գյուղմթերքների և այլ ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան։
Ինքը՝ Քերոբյանը երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, թե Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում քննարկելու են հայկական արտադրանքի ներմուծման հետ կապված իրավիճակը։ «Ռոսսելխոզնադզորը» պնդում է, թե արդեն 72 դեպք է արձանագրել, իսկ տևական ժամանակ էլ սննդի անվտանգության տեսչական մարմնին տեղեկացրել խնդիրների մասին, ընդ որում 72 դեպքից 36-ը, ըստ ռուսական կողմի, տեղի է ունեցել վերջին շաբաթների ընթացքում։
ՍԱՏՄ-ն մտահոգություն է հայտնել ռուսական գերատեսչության հայտարարության կապակցությամբ, ընդսմին, թեթև ակնարկելով, որ խնդիրն իրականում քաղաքական է։
Քերոբյանը, որը կառավարությունում զբաղված է ռուսական շահերի լոբբինգով, այժմ կանգնել է լրջագույն խնդիրների առաջ, ավելին, գործող իշխանությունները մտադիր են Ռուսաստանի առջև լուրջ փաստարկներ դնել և սպառնալ դադարեցնել Հայաստանից դեպի Ռուսաստան մի շարք ապրանքների վերաարտահանումը, եթե Ռուսաստանը շարունակի փակ պահել Վերին Լարս անցակետը բեռնատարների համար, և այժմ Քերոբյանն անձամբ պետք է համոզի ռուսական կողմին բացել Վերին Լարսը, որպեսզի լրացուցիչ կռվան չդառնա Նիկոլ Փաշինյանի ձեռքին։
Այն, որ վերջինս խնդիր չունի այս առումով, Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու, որևէ մեկը չի էլ կասկածում, ընդհակառակը, իշխանություններին բնավ չեն հետաքրքրում, ո՛չ արտահանողների, ո՛չ արտադրողների խնդիրները։ Սեփական քաղաքական շահերը և դրանք Արևմուտքին ծախելու հնարավորությունը փաշինյանական իշխանությունն ավելի բարձր է գնահատում։
Նունե Բարսեղյան