Լուկաշենկոն կոչ է արել լուծումներ գտնել ՀԱՊԿ երկրների անվտանգության ապահովման հարցով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության ամրապնդման համար հարկավոր է նոր լուծումներ գտնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն նման կարծիք է հայտնել Մինսկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով նիստի բացմանը։
«Անհրաժեշտ է վերլուծել կազմակերպության պատասխանատվության գոտում ժամանակակից ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման հիմնական միտումներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում: Անհրաժեշտ է նոր լուծումներ գտնել՝ ամրապնդելու մեր պետությունների անվտանգությունը», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Բելառուսի նախագահն ասել է, որ նոյեմբերի 23-ի նիստում կամփոփվեն ՀԱՊԿ-ի այս տարվա գործունեության արդյունքները։ Լուկաշենկոյի խոսքով՝ «օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները»։
Մինսկում անցկացվող ՀԱՊԿ խորհրդի նիստին են մասնակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հյուրերին ընդունել է 2023 թվականին ՀԱՊԿ-ում նախագահող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Փաշինյանն այդ մասին տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցել նաև ՀԱՊԿ խորհրդի նիստին նախորդած նիստերին՝ ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների մասնակցությամբ։