ԱՄԷ-ն պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը. Արփինե Սարգսյանն ընդունել է արտակարգ և լիազոր դեսպանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Հայտնում են ՆԳՆ նախարարությունից:
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ձևավորման և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների ընթացքը։
Նա առանձնացրել է մի շարք ուղղություններ և առաջնահերթություններ՝ անդրադառնալով ՆԳ նախարարության անձնակազմի կարողությունների զարգացմանը, ոստիկանության հիմնական հենասյունային ուղղությունների՝ հատկապես քրեական ոստիկանության կադրերի պատրաստման, գործիքակազմերի ընդլայնման, ինչպես նաև քրեական վարույթներով գործընկերության խորացմանը վերաբերող հարցերին։
Արփինե Սարգսյանն ընդգծել է հատկապես փրկարար ծառայության աշխատակիցների հմտությունների զարգացման ու կարողությունների ընդլայնմանն ուղղված վերապատրաստումների կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել է ծառայության տեխնիկական միջոցների հագեցվածության խնդրին։
Նարիման Ալ-Մուլլան բարձր է գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցությունը՝ ողջունելով Ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումները։
Նարիման Ալ-Մուլլան պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՆԳ նախարարությանը:
Կողմերը քննարկել են նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում նորարար լուծումների ներդրման և փորձի փոխանակման հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու և ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։