22 դպրոցներից 5-ում սննդամթերքի անվտանգության խախտումներ են արձանագրվել. ՍԱՏՄ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2023 թվականի սեպտեմբերի մեկից մեկնարկել է ուսումնական տարին և, հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Հայաստանի Հանրապետության 22 միջնակարգ դպրոցներում (2-ական դպրոց Երևանում և յուրաքանչյուր մարզում):
Խախտումներ արձանագրվել են միայն 4 մարզի 5 դպրոցում: Այսպես՝
- Արմավիրի մարզի «Արմավիրի 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում սննդի կառույցը ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, պատուհաններ չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:
- Կոտայքի մարզի «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է ժամկետանց հավի ձու և մածուն,
- Շիրակի մարզի «Հոռոմի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է անհայտ ծագման հավի կրծքամիս՝ առանց մակնշման, առանց հայերեն մակնշման Чистое золото արևածաղկի ձեթ, ինչպես նաև կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված պանրային մթերք «Չանախ»:
- Շիրակի մարզի «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում խոհանոցի պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, պատերը գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես՝ բացառելով պատշաճ մաքրելու ու ախտահանելու հնարավորությունը, առաստաղը պատված է եղել բորբոսներով: Հայտնաբերվել է նաև առանց հայերեն մակնշման հնդկաձավար, ոսպ և լոբի։
- Տավուշի մարզի «Աչաջրի Հ․ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում դպրոցի ճաշարանի 4 աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական բժշկական զննության։
Տրվել են խախտումները վերացնելու կագադրագրեր, իսկ ժամկետանց և անհայտ ծագմամբ սնունդամթերքը տեղում ոչնչացվել է: