Ինքնաշեն հրազենով կրակել է համագյուղացուն․ մանրամասներ արյունալի դեպքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվարտվել է Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակչի կողմից ինքնաշեն հրազենի գործադրմամբ համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ հիշյալ բնակավայրի բնակիչ Ա.Պ.-ն, տևական ժամանակ անձնական հարցերի պատճառով իր ազգական Կ.Պ.-ի հետ լինելով թշնամական հարաբերությունների մեջ, վերջինիս սպանելու նպատակով, պատրաստել է ինքնաշեն՝ 12 մմ տրամաչափի որսորդական փամփուշտ կրակելուն հարմարեցված, մահակի մեջ քողարկված ատիպիկ հրազեն։
2023թ. հունիսի 3-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, վերցնելով հիշյալ ինքնաշեն հրազենը, Ա.Պ.-ն գնացել է Գեղհովիտ բնակավայրում գտնվող խանութի մերձակա տարածք, որտեղ կայանված վիճակում տեսել է Կ.Պ.-ի ավտոմեքենան: Հասկանալով, որ վերջինս խանութում է՝ մտել է ներս և Կ.Պ.-ին կանչել խանութի կողային հատվածում գտնվող սենյակ: Այնուհետև, իր ընտանիքի բարի համբավն արատավորելու հետևանքով առաջացած վրեժի շարժառիթով, իր կողմից պատրաստված վերոնշյալ հրազենով Կ.Պ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ անգամ կրակել է վերջինիս ձախ ուսային հատվածին։ Կարծելով, թե Կ․Պ․-ն մահացել է՝ նա հրազենը թողել է դեպքի վայրում և հեռացել։ Կ․Պ.-ն, հրազենային վիրավորումով, տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Ա.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 336-րդ հոդվածի 1-ին մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար: