Ողբերգական վթար. 26-ամյա պարեկը աշխատանքի մեկնելիս վթարի է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Իմելս Ժամհարյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գավառ-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե արգելապատնեշին, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:
Վթարի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Լազյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գավառի քաղաքապետի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել Գավառի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր ճանապարհը մաքրեցին, իսկ այդ աշխատանքները պետք է կատարեր Գավառի Ճանշինը, սակայն քաղաքապետարանի կոմունալի աշխատակիցները չսպասեցին նրանց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակում՝ որպես պարեկ, և մեկնում էր աշխատանքի, իսկ վաղը՝ նոյեմբերի 15-ին, պետք է տեղի ունենար նրա հորեղբոր աղջկա հարսանիքը: