Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալների կալանքը 3 ամսով երկարացվեց. հաջորդ նիստը կլինի 2024-ին
ԻՐԱՎՈՒՆՔԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ բավարարեց Պեմզաշենի սարսափելի սպանության գործով հանրային մեղադրողի՝ խափանման միջոց կալանքը երկարացնելու միջնորդությունը։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ մեղադրյալների խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացվեց երեք ամսով՝ 2024 թվականի փետրվարի 11-ը։ Դատարանը մերժեց մեղադրյալների պաշտպանների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները։
Տուժողի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը խնդրեց հետաձգել, որպեսզի տուժող կողմը գույքային պահանջը գրավոր ներկայացնելու հնարավորություն ունենա։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց 2024թ. հունվարի 18-ին, քանի որ դատարանը դեկտեմբերին գտնվելու է արձակուրդում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն:
Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։
Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։
Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։
Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: