ԼՂ-ից տեղահանվածները կենսաթոշակ կստանան բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու դեպքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից՝ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նշվում է, որ նրանց կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը ՀՀ-ում իրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրակական փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման (օրինակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, ստաժի հաշվարկման և այլն) ընթացակարգերը:
Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև այն ծրագրային համակարգերում, որոնք ապահովում են համապատասխան տեղեկատվական բազաների ձևավորումը։
«Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը: Սա նշանակում է, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելը պետք է հաշվառվեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են։ Հակառակ դեպքում նրանց դիմումները կմերժվեն»,- ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունից հայտնում են, որ առաջիկայում կստեղծվի հարթակ, որը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա առցանց դիմել կենսաթոշակ (եթե ԼՂ-ում ստացել են կենսաթոշակ), երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ նշանակելու համար։
Եթե անձը ԼՂ-ում չի ստացել կենսաթոշակ, ապա ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին։
Թե ինչ ընթացակարգով պետք է դիմել՝ կներկայացվի առաջիկայում: