Մոսկվայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները ռուս դիվանագետների հետ հանդիպում են անցկացրել. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներն այցով Մոսկվայում են գտնվում, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարող եմ նաև ասել և հաստատել, որ Պաղեստինի համապատասխան շարժման ներկայացուցիչները այցով գտնվում են Մոսկվայում։ Ինչ վերաբերում է շփումներին, ապա լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց նա։
Ինչպես ավելի ուշ РИА Новости-ին հայտնել են ԱԳՆ-ից, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Աբու Մարզուկը ժամանել է Մոսկվա։
Նրա հետ շփումներ են տեղի ունեցել Գազայի հատվածում գտնվող օտարերկրյա պատանդներին անհապաղ ազատ արձակելու՝ ռուսական գծի շարունակության շրջանակներում, ինչպես նաև քննարկվել են պաղեստինյան անկլավի տարածքից ռուս և այլ օտարերկրյա քաղաքացիների տարհանման ապահովման հետ կապված հարցեր։
ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը նաև նշել է, որ Ռուսաստանը հաստատել է իր մշտական դիրքորոշումը՝ աջակցելու միջազգային հանրության որոշումների իրականացմանը, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ «1967 թվականի սահմաններում ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծման մասին բանաձևերի իրականացմանն՝ Արևելյան Երուսաղեմում իր մայրաքաղաքով և Իսրայելի հետ խաղաղ ու անվտանգ գոյակցմամբ»:
Այսօր ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտնել է նաեւ, որ Քաթար կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարության հետ։ Նրա խոսքով՝ ինքը պատանդների հարցը քննարկել է շարժման ներկայացուցիչների հետ։
Ինչպես, իր հերթին, հայտարարել է ՀԱՄԱՍ-ը, կողմերը քննարկել են նաև «Արևմուտքի կողմից աջակցվող Իսրայելի հանցագործությունները» դադարեցնելու ուղիները։
«Շարժման պատվիրակությունը բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, ինչպես նաև ռուսական ակտիվ դիվանագիտության ջանքերը», - հավելել է ՀԱՄԱՍ-ը։