Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ հետընդունման համատեղ կոմիտեի 9-րդ նիստը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ հետընդունման համատեղ կոմիտեի 9-րդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ, ՀՀ ՆԳՆ, Եվրոպական հանձնաժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ երկրների դեսպանությունների, ինչպես նաև «FRONTEX»-ի ներկայացուցիչները: Նիստը համանախագահում էին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի հետընդունման բաժնի պետ Սիլվենա Պեստան: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Կողմերը քննարկել են հետընդունման հարցերով վիճակագրությունը, համաձայնագրի երկկողմ կիրարկման արձանագրությունների կարգավիճակը, ինչպես նաև համաձայնագրի կատարման արդյունավետությունն առավել բարձրացնելուն ուղղված տեխնիկական և բովանդակային այլ հարցեր։
Անդրադարձ է կատարվել ներկայումս իրականացվող պետական վերաինտեգրման աջակցության ծրագրին, դեպի Հայաստան կամավոր վերադարձի և վերաինտեգրման համակարգի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Եվրոպական կողմն իր հերթին գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության կապակցությամբ:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել գործուն քայլերը Հայաստան-ԵՄ հետընդունման հարցերով համաձայնագրի հետագա կիրարկման ուղղությամբ։