Սասուն Խաչատրյանի եղբորը նոր պաշտոն են տալու
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԲարձրագույն դատական խորհրդում ստեղծված լարված իրավիճակը մեղմելու համար փաշինյանական վարչախումբը որոշել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ Դավիթ Խաչատուրյանին, տեղափոխել մեկ այլ պաշտոնի։ Նրա թեկնածությունն առաջադրել են Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի համար։
Ազգային ժողովում երեկվանից սկսվել է քննարկումները և առաջադրված երեք թեկնածուներից մեկը հենց Դավիթ Խաչատուրյանն է, որը 2021 թվականից է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Մյուս երկու թեկնածուները՝ փաստաբան Անահիտ Հակոբյանն ու Առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերրդյանն ընդամենը ֆիկտիվ առաջադրումներ են, քանի որ օրենքը պահանջում է երեք թեկնածուի առաջադրումներ։ Խաչատուրյանը հավակնում էր ԲԴԽ նախագահի պաշտոնին, սակայն Փաշինյանը նախընտրեց այդքան մեծ արտոնություններ չտալ Խաչատրյան ընտանիքի անդամներին և այդ պաշտոնում նշանակեցին Կարեն Անդրեասյանին, վերջինս էլ հասցրեց ոչ միայն վատ հարաբերություններ հաստատել փաշինյանական վարչախմբի դեմ արտահայտվող դատավորների հետ, այլ նաև փչացնել հարաբերությունները գործող իշխանության սպասարկուների հետ։ Եվ այժմ լարվածությունը թոթափելու նպատակով որոշվել է Դավիթ Խաչատուրյանին տեղափոխել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոն, այնտեղից էլ Պալատի նախագահի պաշտոնին նշանակել։
Ժամանակին Հայաստանում Սորոսի գրասենյակի տնօրեն Դավիթ Խաչատուրյանը բազմիցս ապացուցել է իր նվիրվածությունը փաշինյանական վարչախմբին և չափազանց նեղացած էր, որ իր փոխարեն նախընտրեցին Կարեն Անդրեասյանին։ Ի տարբերություն Անդրեասյանի՝ Խաչատուրյանն օրինակ, կարողանում էր լավ լեզու գտնել դատավորների հետ, իսկ ահաբեկումների ժամանակ կտրուկ միջոցների չէր դիմում և, ըստ մեր աղբյուրների, երկար բանակցում էր ցանկալի վճիռներ ստանալու համար։ Այժմ նրան առաջարկել են անձամբ գնալ վճռաբեկ դատարան, տեղում իրավիճակը վերահսկելու համար։ Ի դեպ, առաջիկայում նաև չի բացառվում, որ հրաժեշտ տան նաև Անդրեասյանին, Փաշինյանին արդեն նյարդայնացնում են նրա էքսցենտրիկ քայլերը։
Նունե Սարատիկյան