Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹեհրանում «3+3» ձեւաչափով հանդիպման շրջանակում զրույց է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ։
Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպման արդյունքներով։
«Թեհրանում կայացած «3+3» հանդիպման շրջանակներում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարեկամության ճանապարհի քայլերից մեկն է։ Հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները զրուցելու հնարավորություն են ունեցել։ Այս հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը»,- ասել է Աբդոլլահյանը։
Նշենք, որ երեկ Թեհրանում կայացել է «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։
Ուշագրավ է, որ պաշտոնական Երևանը այս հանդիպման մասին որևէ հաղորդագրություն չի տարածել: