Եվրամիությունը մտադիր է ավելի ընդլայնվել Հայաստանում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵվրամիությունը մտադիր է ավելի ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում, ինչպես նաև ջանքեր գործադրել Հայաստանին Ռուսաստանից պոկելու ուղղությամբ։ Երեկ տեղեկություն հայտնվեց, որ Եվրամիությունը մտադիր է ընդարձակել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում։
Այս պահին հարյուրից ավելի դիտորդներ պարեկություն են անում Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին, թե ի՞նչ արդյունավետությամբ, կարող է գնահատել յուրաքանչյուրը։ Այս առաքելությունը, որն արժանացել է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի դիմադրությանը և քննադատություններին, ավելի շատ քաղաքական գործառույթներ է իրականացնում, քան հումանիտար և դիտորդական։ Այժմ էլ ԵՄ-ն ցանկանում է ավելացնել նրանց ներկայությունը, ընդհուպ հասցնել մոտ հինգ-վեց հարյուր դիտորդի։
Երկուշաբթի օրն էլ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները՝ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեֆ Բորելի գլխավորությամբ, քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և իրավիճակը տարածաշրջանում։ Հարցը ներառված է Լյուքսեմբուրգում կայանալիք արտգործնախարարների խորհրդի նիստում։ Ընդսմին նրանք փաստաթուղթ են մշակելու, որը ներկայացնելու են Եվրամիության անդամ երկրների ղեկավարների քննարկմանը։ Ամսվա վերջին էլ նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Շառլ Միշելի մասնակցությամբ հենց Բրյուսելում։
Այս ամենը վկայում է, որ Եվրամիությունը չափազանց շտապում է և ցանկանում է Հայաստանին կտրել Ռուսաստանից, դրա համար ԵՄ և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները ծափահարություններով էին ողջունում Նիկոլ Փաշինյանի չափազանց վտանգավոր ելույթը ԵԽ լիագումար նիստում, որտեղ Փաշինյանն առանց այլևայլությունների քննադատություն էր հնչեցնում Ռուսաստանի հասցեին։
Ի վերջո, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն օգտագործելով, եվրախորհուրդը հասկանում է, որ դա իրենց ամենալուրջ հնարավորությունն է տարածաշրջանում ամրապնդվելու։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ էլ՝ Եվրամիությունը նոր ծրագիր է մտածում ընդլայնման, ներգրավելու են այն երկրներին, որոնք առանձնապես չեն համապատասխանում Եվրամիության անդամ լինելու չափանիշներին, սակայն կարող են ընդլայնել իրենց համագործակցությունն ինքնիշխանության որոշ տարրեր փոխանցել Բրյուսելին և այդ կերպ կտրել իրենց կապը Ռուսաստանից։
Հրանտ Կարապետյան