Ովքեր են հրաժարվել ու ստացել Երևանի ավագանու մանդատները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ընտրական ցուցակում ընդգրկված, սակայն հետո ինքնաբացարկ ներկայացրած ավագանու անդամի թեկնածուների գրանցումը ուժը կորցրած ճանաչելու, ավագանու անդամի մանդատներ տրամադրելու հարցերը։
Հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Անդրանիկ Գասպարյանի, Արտակ Հովակիմյանի, Սամվել Ղուկասյանի, Վահե Հակոբյանի, Միքայել Օհանյանի, Արմեն Մհերյանի, Լուսինե Դայանի, Ռազմիկ Մկրտչյանի և Ռոման Համբարձումյանի գրանցումները։
ԿԸՀ-ն քաղաքապետից ստացել է ավագանու անդամների մանդատները դադարեցնելու և լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին 5 արձանագրություն։
Ընդդիմադիր Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքից մանդատները վաղաժամկետ դադարեցրել են Դուստրիկ Մխիթարյանը և Ադրինե Ավագյանը։ Մանդատները կտրվեն «Մայր Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Քոչարյանին և Գրիգոր Իսկանդարյանին։
Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մանդատները վաղաժամկետ դադարեցրել են Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը և Արամ Ազատյանը։ Մանդատները կտրվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Բարխուդարյանին, Հերմինե Ոսկանյանին և Զինա Չալիկյանին։