Արցախցիներին տրամադրվող օգնությունը շատ դեպքերում տեղ չի հասնում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախից Հայաստան եկած 100 հազարից ավելի արցախցիներին օգնելու համար պետությունը զգալի միջոցներ է տրամադրել, կամավորներն էլ առանձին են լուրջ գործունեություն իրականացնում՝ տնավեր դարձած մարդկանց օգնելու համար։
Անցած շաբաթ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել էր, որ 10 մարզպետարանները մեկ միլիարդ դրամ են ստացել մարզերում բնակվող արցախցիների բոլոր տեսակի կարիքները հոգալու, այդ թվում` ամենօրյա սննդի պաշարով ապահովելու համար։
Բացի սրանից, պետությունը նաև 100 հազարական դրամ է տրամադրում յուրաքանչյուր արցախցու, ինչպես նաև` առնվազն 6 ամիս յուրաքանչյուրին 50 հազարական դրամ է տալու բնակարան գտնելու և տեղավորվելու համար։ Տրամադրված գումարները թերևս պետք է բավարար լինի, որպեսզի արցախցիների բոլոր կարիքները հոգային, բանից պարզվում է, որ ոչ բոլոր մարզերում են կարողանում բավարար չափով և նորմալ իրականացնել սննդամթերքի և օգնության տրամադրումը։
Լոռու մարզում հաստատված մի խումբ տեղահանված արցախցիներ, օրինակ, պնդում են` իրենք պետության կողմից հասանելիք սննդի որևէ օգնություն չեն ստացել։ «Ազատության» եթերում շատերը հայտնել են, որ սնունդ և հիգիենիկ պարագաներ ստացել են միայն Կարմիր խաչից և սուպերմարկետների մի ցանցից, և բացի բարեգործական օգնությունններից` այլ տեսակի օժանդակություն չեն ստացել։ Եվ այս ամենը վերաբերում է Լոռու մարզի Շահումյան համայնքում տեղավորված 77 արցախցիներին։
Ընդսմին, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները բավարար ուշադրություն չեն դարձնում աշխատանքի կազմակերպմանը, և այն համայնքներում, մարզերում, որտեղ կառավարիչներն իսկապես հոգատար կերպով են մոտենում խնդիրներին, արցախցիներին ապահովում են ամեն ինչով, իսկ շատ մարզերում էլ կամ միտումնավոր սաբոտաժ են անում, կամ էլ բավարար ընդունակություններ չունեն աշխատանքը լիարժեք իրականացնելու համար։ Մասնավորապես խնդիրներ էր առաջանում հատկապես Լոռու մարզում, Գեղարքունիքի և Արարատի մարզերում, նաև` այլ մարզերի որոշ քաղաքներում։
Տարօրինակ կերպով բոլոր այն համայնքներում և մարզերում, որտեղ խնդիրներ իսկապես առաջանում են` պատասխանատուները հիմնականում «Քաղաքացիական պայմանագրի» հին անդամներ են կամ էլ սերտ հարաբերություններ ունեն Փաշինյանի հետ, և մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում նույնիսկ կոռուպցիոն ռիսկերը, ուստի և տեղեկությունները հասցրել են ընդհուպ մինչև Նիկոլ Փաշինյանին, հայտնել, որ իրավիճակը բարդանալու դեպքում կարող է մամուլն աղմուկ բարձրացնել, ինչը լրջագույն հետևանքներ կարող է ունենալ իշխանությունների համար։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ օգնության բաժանումը և տեղահանված արցախցիներին տեղավորելու գործընթացը կազմակերպող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել բոլոր համայնքների, քաղաքների և մարզերի աշխատանքը և առանձին զեկույց ներկայացնել, որը քննարկել են կառավարության նիստում, իսկ թերացող որոշ պաշտոնյաների, ընդհուպ, կարող են հեռացնել, առավել ևս, որ Փաշինյանն ինքը ցանկություն ունի մի քանիսին հեռացնելու։
Ռոման Կիրակոսյան