Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն․ ԱԳՆ մամուլի խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն։
Անի Բադալյանը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցող գործընթացը X սոցիալական ցանցի հարթակում կատարած գրառմամբ համարել է բոլոր նորմերի լիակատար անտեսման ցուցադրում։
«Ապօրինի առևանգմանը, որը միջազգային մարդասիրական օրենքի կոպտագույն խախտում է, այժմ հաջորդում է 68-ամյա քաղաքացիական անձի տառապանքը ցուցադրող տեսանյութերի և լուսանկարների հրապարակումը։
Ինչպես պահանջել են բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ և հաստատություններ, Բաքվում դեռևս պատանդ պահվող ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն»,- գրել է Բադալյանը։