ՄԻՊ-ը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է Արցախից բռնահանվածների իրավունքների պաշտպանության հարցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Միգրացիայի եւ փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են Պաշտպանի եւ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում:
Պաշտպանի կողմից հատուկ ընդգծվել է նաեւ բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման եւ հասցեագրման անհրաժեշտությունը՝ այդ թվում` իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրազեկման աշխատանքների իրականացման, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության մանդատակիր կազմակերպությունների հետ հաղորդակցության վարման եւ առկա լավագույն փորձի փոխանակման համատեքստում:
Պաշտպանը բռնի տեղահանված անձանց Արցախ վերադառնալու հարցի քննարկման համատեքստում Միգրացիայի եւ փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսեւորվող եւ խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր:
Կողմերը քննարկել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Եվրոպայի խորհրդի հետ ծրագրային համագործակցության հնարավորությունները՝ վերահաստատելով մարդու իրավունքների գերակայության սկզբունքի անխոչընդոտ իրականացման կարեւորությունը:
Իր հերթին Լեյլա Քայաջիկը կարեւորել է Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման մեջ՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ամրապնդման վերաբերյալ: