Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ նախնական զեկույց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է անգլերեն արտահերթ նախնական զեկույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման վայրերում իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքների ու տեղահանված անձանց հետ անհատական զրույցների վերլուծության վերաբերյալ։
Պաշտպանը զեկույցում ամփոփել ու վերլուծել է նաև փաստահավաք աշխատանքների ընթացքում ձեռք բերված տեղեկությունները ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցանքների ու դաժանությունների վերաբերյալ, փաստագրել է բռնի տեղահանված անձանց, շտապօգնության մեքենաների թիրախավորման, երեխաների ու կանանց իրավունքների խախտումների ապացույցները։ Ներկայացվել են նաև քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային վնասների դեպքերը։
Զեկույցն, ի թիվս այլնի, ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ամփոփում է, որ հաստատում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությունը, որը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:
Նշված տեղեկատվության վերլուծության արդյունքում Պաշտպանը ներկայացրել է առաջարկություններ պետական մարմիններին հիշյալ խումբ անձանց իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման և առանձնահատուկ կառուցակարգերի ներմուծման առնչությամբ։
Նախնական զեկույցն ամբողջական բովանդակությամբ ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին, ինչպես նաև իրավասու պետական մարմիններին: