Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման քայլը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿրեմլը Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ոչ ճիշտ քայլ է համարում երկկողմ հարաբերությունների տեսանկյունից. Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլօի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք, իհարկե, չէինք ցանկանա, որ նախագահը ստիպված լինի մի օր հրաժարվել Հայաստան այցից։ Հայաստանը մեր դաշնակիցն ու գործընկերն է, մենք շատ ընդհանրություններ ունենք մեր եղբայրական ժողովրդի հետ։ Մենք կասկածում ենք և ի սկզբանե կասկածում էինք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին ճիշտ էր»,- ասել է Պեսկովը։
Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ իրավիճակի նախադրյալն այն էր, որ Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
Պեսկովը նաև մեկնաբանել է Հայաստանի առաջարկը՝ Մոսկվայի և Երևանի միջև Հռոմի ստատուտի վերաբերյալ երկկողմ համաձայնագիր կնքելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը պարունակում է միայն հայկական կողմի կարծիքը։ Դիվանագետները լուծում են փնտրում այս իրավիճակից։
«Պետք է հասկանալ, թե Հայաստանում ինչպես կարող են պետական օրենքները գերակայել միջազգային ակտերին, կարո՞ղ են դրանք հատուկ պայմաններ ապահովել։ Փաստը մնում է փաստ, որ Հայաստանը ճանաչել է ՄՔԴ-ն»,- ընդգծել է մամուլի քարտուղարը։