Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացումը, որի օգտին քվեարկեց Հայաստանի խորհրդարանը, ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ և ցանկացած պետության համար նշանակում է իրավական ինքնիշխանության կորուստ։ Նման կարծիք է հայտնել Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։
«Ցավոք, Հայաստանը, այնուամենայնիվ, գնաց Ռուսաստանի հանդեպ այս ակնհայտ ոչ բարեկամական քայլին: Հայաստանի խորհրդարանում չկային ուժեր, որոնք կկարողանային կասեցնել «Հաագայի թեմիսի» կողմից այս երկրի օրինական ստրկացման գործընթացը»,- գրել է Կոսաչովը տելեգրամյան իր ալիքում։
Նա ընդգծել է, որ սա «նշանակում է ոչ այլ ինչ, քան իրավական ինքնիշխանության կորուստ»․ «Սա ինքնին նվաստացուցիչ է, այդ պատճառով է, որ իսկապես ինքնիշխան պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Չինաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Իրանը և այլք, չեն միանում ՄՔԴ-ին»։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը։