ՄԻՊ-ը Շվեդիայի պատվիրակությանն է ներկայացրել Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ավագ դատավոր Բյորն Լինդենին և Իրավաբանական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Լյուդվիգ Բեքինգին։
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված խնդիրներին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը:
Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։