Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել են Էրդողանի կերպարանքով մոտ 2 մետրանոց տիկնիկը․ Շվեդիա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԱՏՕ-ի շվեդ հակառակորդ Լուկաս Լունդքվիստը ցույց է անցկացրել Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող տիկնիկի այրմամբ։ Ակցիան տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանի աշխատանքի մեկնարկին զուգահեռ, որը խոստացել էր մոտ ապագայում վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու թագավորության դիմումը․ գրում է Aftonbladet թերթը։
Լունդքվիստը ցույցի անցկացման թույլտվություն ուներ ոստիկանության կողմից։
«Ամեն ինչ ինքս եմ արել, ունեի 180 սմ հասակով տիկնիկ, որը հագցրել էի Էրդողանի կերպարանքով, վառել եմ այն»,- ասել է նա։
Թուրքիայի ԱԳՆ-ն անմիջապես դատապարտել է իշխանությունների կողմից թույլատրված ցույցը՝ ընդգծելով, որ թուրք հասարակությունը ակնկալում է, որ Շվեդիան կկանխի ապագա գործողությունները, որոնք «սիստեմատիկորեն վիրավորում են ընտրված առաջնորդներին»։
Ըստ հրապարակման՝ հենց դրան էր փորձում հասնել ցույցի կազմակերպիչը.
«Ես սա դրական բան եմ համարում։ Եթե դա կօգնի Շվեդիային դուրս մնալ ՆԱՏՕ-ից, ապա դա է նպատակը։ Դա ցույց է տալիս, որ սա ճիշտ ճանապարհ է», - բացատրեց Լունդքվիստը:
Նշենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումը հաստատելու համար Թուրքիան, մասնավորապես, պահանջում է, որ այս երկրի իշխանությունները գործնականում կիրառեն ահաբեկչության դեմ պայքարի նորացված օրենքը և արդյունավետ կերպով ճնշեն նման միջադեպերը։ Միայն Թուրքիան և Հունգարիան չեն վավերացրել դաշինքին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունները։