Անզորության ու նվաստացման զգացողությունը սրսկվում է մեր հասարակության մեջ քարոզչամեքենայով. Դավիթ Հարությունյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարելի է Արմեն Աշոտյանին սիրել կամ չսիրել, կարելի է նրա տեակետներին համաձայնվել կամ չհամաձայնվել, բայց Աշոտյանն անմեղ է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Աշոտյանը կալանավորված է ընդամենը մեկ պատճառով՝ ընդամենը նա ասում է բաներ, որոնք բոլորդ էլ գիտեք, թե ում դուրը չեն գալիս։ Միևնույն է, լինելով անազատության մեջ, Աշոտյանը շարունակում է իր պայքարը ազգագործան պատուհասների դեմ, որոնք արհավիրք բերեցին Հայաստան և Արցախ»․- նշեց նա։
Հարությունյանի խոսքով, մենք ապրում ենք մեր կյանքի ամենաողբերգական օրերը. «Այն, ինչ տեղի է ունենում, մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն է։ Ով ենք մենք, ի՞նչ արժեհամակարգ ունենք մենք, որ մենակ թողեցինք մեր հայրենակիցներին: Կարծում եմ՝ այս հարցը շատերն են իրենց տալիս՝ զգալով անզորություն ու նվաստացում:
Եվ այդ անզորության ու նվաստացման զգացողությունը սրսկվում է մեր հասարակության մեջ քարոզչամեքենայով՝ նպատակ ունենալով ստեղծել տպավորություն, որ ամեն ինչ անդառնալի է, այլեւս ոչինչ հնարավոր չէ անել: Նպատակը պարզ է՝ այդ անզորությունն ու նվաստացումը վերածել անտարբերության: Անտարբերության, որը 2020-ից հետո հանգեցրեց Արցախի կորստի եւ որը դեռ նոր կորուստներ կբերի մեզ»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ այսօր շարունակել մնալ անտարբեր, նշանակում է դառնալ այս ոճրագործության հանցակիցը. «Լռությունն այլևս հանցագործություն է։ Մի՛ լռեք, լռելն այսօր ոճրագործություն է, դուրս եկեք փողոց:
Անարժանապատվություն ընտրելիս ստանում ես թե անարժանապատվություն, թե պատերազմ: Ես դեռ հույ ունեմ, որ մենք ունակ ենք լինելու արժանապատիվ, որ փրկենք ողջ մնացածների կյանքը եւ որպեսզի խուսափենք նոր արհավիրքից»:
Նա ընդգծեց, որ պետք է ունենալ հաջորդ քայլերի հստակ ծրագիր. «Գործիքակազմերը միշտ նույնն են՝ դիվանագիտություն, բանակ, տնտեսություն, ուժեղ պետություն: Խնդիրն այն է, որ նպատակներն են տարբեր»: