Փաշինյանական վարչախումբը ձեռքերը լվաց Արցախից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի գործող դավաճանական վարչախումբը բնավ մտադիր չէ միջամտել Արցախում ընթացող ռազմական գործողություններին՝ 120 հազար արցախցիների թողնելով բախտի քմահաճույքին։ Մի քանի տասնյակ զոհեր, հարյուրից ավելի վիրավորներ և սրանք ընդամենը նախնական տեղեկություններն են։
Ադրբեջանի հարձակումից հետո Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է գումարել, ապա հայտարարել, թե Հայաստանը չի միջամտելու ռազմական գործողություններին։ «Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողություններին ներքաշված չէ և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։ Մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին և արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք անպայմանորեն ուզում են, որ Հայաստանը ներքաշեն լայնածավալ ռազմական գործողությունների մեջ, չպետք է հնարավորություն տանք որոշ մարդկանց, որոշ ուժերի, արտաքին նաև ներքին, Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ»,- ասել է Փաշինյանը։
Ըստ էության այս հայտարարությամբ Փաշինյանը ոչ միայն ձեռքերը լվացել է ընդհանրապես Արցախից, այլ նաև նախադրյալներ ստեղծել Երևանում հնարավոր բողոքի ակցիաները կանխելու, նաև ուժ կիրառելու համար, ինչն իհարկե տեղի ունեցավ ընդամենը ժամեր անց։
Մի քանի հազար ցուցարարներ հավաքվել էին Հանրապետության Հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Նախ գործող վարչախումբը հակընդդեմ ցույց կազզմակերպեց անմիջապես Ռուսաստանի դեսպանատան դեմ, որտեղ արագ հավաքվեցին տարբեր սորոսականներ, «արևմտամետներ»՝ Ռուսաստանին մեղադրելով իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու մեջ, իսկ Հանրապետության Հրապարակում հավաքված ընդդիմադիր հիմնական զանգվածի դեմ Փաշինյանը նույնիսկ նռնակներ և բիրտ ուժ կիրառեց, մի քանիսը վիրավորվեցին։
Երեկ տարօրինակ կերպով օպերատիվ էին աշխատում նաև Իրավապահ ծառայությունները, Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը։ Արդեն մի քանի հոգու ձերբակալել են Սահմանադրական կարգը տապալելու կոչերի համար, մի քանիսի դեմ էլ քրեական գործեր հարուցել։
Ստեղծված իրավիճակում Փաշինյանը նույնիսկ չի մոռանում Երևանի ավագանու ընտրությունները։ Երեկ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել Տիգրան Ուրիխանյանի դեմ։ Չի բացառվում, որ վերջինիս ձերբակալեն, ապա և կալանավորեն։ Ուրիխանյանը «Հանրային ձայն» կուսակցության երկրորդ համարն էր, այս կուսակցության առաջին համարն արդեն իսկ կալանավորված է, իսկ երկրորդ համարին կալանավորելու դեպքում, նրանք չեն կարողանա մասնակցել Երևանի ավագանու առաջիկա նիստին և քաղաքապետ ընտրել։
Զինա Գալստյան