Ռուս խաղաղապահների անգործությունն անթույլատրելի է. ՄԱԿ-ը հենց այսօր պետք է զորք մտցնի Արցախ. Մանե Թանդիլյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄեր այստեղ գտնվելու նպատակն այն է, որ ռուս խաղաղապահները պարզաբանեն, թե ինչու են իրենց աչքի առաջ զոհվում հայ մարդիկ Արցախում. Իրենք իրենց առաքելությունը չեն անում, ձախողել են, դրան արդարացում չկա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՌԴ դեսպանատան մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը:
«Անընդունելի է դա պարզաբանել մեր ղեկավարների խոսքերով, Հայաստանի դիրքորոշմամբ: Դա կապ չունի, իրենք այնտեղ են եւ այնտեղ ունեն գործառույթ: Այսօր հենց իրենք են այնտեղ կանգնած, ուրիշ ոչ ոք, իրենցից է ակնկալիքը, որ պետք է անեն: Մենք պահանջել ենք, որ դեսպանատնից որեւէ մեկը գա, պարզաբանում տա: Բնականաբար չեն գալու, երկու ելքն էլ փակված են:
Իհարկե, ակնկալիք չկա իրենցից, բայց պետք է իմանան, որ հայ ժողովուրդը հաշտ չի այս վիճակի եւ իրենց անգործության հետ»,-ասաց նա:
Հարցին, թե որքան են փակ պահելու ՌԴ դեսպանատան մուտքերը, Թանդիլյանն ասաց, որ այստեղ հավաքված մարդիկ մտադիր են մնալ այնքան, մինչեւ որեւէ պատասխան ստանան. «Սա տարբեր մարդկանց ինքնաբուխ հավաք է, մարդիկ կորոշեն: Տեսակետ է հնչում, որ մնալու են գիշերը, հուսով ենք, դա արդյունավետ կլինի: Մարդիկ իրավունք ունեն իրենց ցասումն արտահայտելու, եւ այստեղ որեւէ կուսակցական, քաղաքական դիրքորոշում չկա»:
Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ որեւէ արդարացում չկա, որ այսօր Արցախում երեխաներ են զոհվում, իսկ ռուս խաղաղապահներն անգործության են մատնված. «ՄԱԿ-ը հենց այսօր պետք է զորք մտցնի Արցախ, որովհետեւ այսօր Արցախում էթնիկ զտում է եւ ցեղասպանություն»:
Նշենք, որ ցուցարարները փակել են ՌԴ դեսպանատան մուտքերը: Ռուսաստանի դեսպանությունը նոտա է հղել Հայաստանի ԱԳն-ին: