Արդյո՞ք ՌԴ-ն պատրաստ է պաշտպանել Հայաստանին, եթե նրա տարածքը հարձակման ենթարկվի․ Պեսկովի արձագանքը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրեւմտամետ վերլուծաբանները քննարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու Հայաստանի ցանկության մասին, սակայն նման պաշտոնական ազդակներ Ռուսաստանը չի տեսնում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք այս թեմայի շուրջ շատ դատողություններ ենք տեսնում Հայաստանում արեւմտամետ վերլուծաբանների կողմից, բայց այդ կապակցությամբ որեւէ պաշտոնական ազդանշան չենք ստացել»,-ասել է նա։
Ճշգրտող հարցին` արդյոք ՌԴ-ն պատրաստ է պաշտպանել Հայաստանին, եթե նրա տարածքը հարձակման ենթարկվի, Պեսկովը նշել է. «Եթե խոսքը Հայաստանի տարածքի մասին է, գիտեք, մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված։ Դուք նաև գիտեք, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի սահմաններով, այնտեղ փոքր-ինչ փոխվել են հանգամանքները, ուստի դա նույնպես պետք է հաշվի առնել։ Դա Երևանի որոշումն էր»,- հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։
Ռուսաստանցի պաշտոնյան միաժամանակ ընդգծել է՝ Մոսկվան Երևանը որպես դաշնակից կորցնելու մտավախություն չունի, երկու երկրներն, ըստ Պեսկովի, շարունակում են մոտ լինել․ - «Մենք Հայաստանի հետ եղել ենք, մնում ենք և, վստահ եմ, կլինենք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ։ Մենք կարող ենք որոշակի խնդիրներ ունենալ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակներում, քանի որ երկու երկրների զարգացման և ազգային շահերը թելադրում են մեր դաշինքի և գործընկերության խորացման անհրաժեշտությունը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Դմիտրի Պեսկովն այսօր կրկին Հայաստանում մեկնարկած հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին է անդրադարձել՝ հայտարարելով, որ Մոսկվան կփորձի հասկանալ, թե ինչու է Հայաստանը զորավարժությունների մասին որոշումներ կայացնում ԱՄՆ-ի, այլ ոչ թե ՀԱՊԿ- հետ։
«Այն ֆոնին, որ Հայաստանը ցանկություն չի հայտնել զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ և այժմ ցանկություն է հայտնում զորավարժություններ անցկացնել ամերիկացիների հետ, հավանաբար, մեզ համար դրանք որոշումներ են, որոնք պահանջում են շատ, շատ խորը վերլուծություն, որպեսզի պարզենք, թե ինչու է Հայաստանը հենց այդպիսի որոշումներ կայացնում, ինչ նպատակներ են դրանով հետապնդվում»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ Մոսկվան դա «կփորձի իմաստավորել ու հասկանալ»։ «Բայց ամեն դեպքում այդ ամենն անելու ենք հայկական կողմի հետ սերտ, գործընկերային երկխոսության միջոցով»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը