Չպետք է մեծամասնության ուժով կնոպկա սեղմեք ու ասեք՝ լավ ենք անում․ Մինասյանը՝ ՔՊ-ին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓորձը ցույց է տվել, որ չի եղել դեպք, որ գլխավոր դատախազը միջնորդությամբ մտնի ԱԺ, ու այդ միջնորդությունը չբավարարվի, այսինքն՝ մշտապես քաղաքական մեծամասնության հետ այդ հարցով համաձայնություն է եղել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով օրինագծին, որով առաջարկվում է գլխավոր դատախազին հնարավորություն տալ արտահերթ նստաշրջանով պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու։
Ըստ Մինասյանի՝ խնդիրն ավելի խորքային է։
«Եթե մենք խորհրդարանական ինստիտուտները հարգում ենք, ապա դատախազը չպետք է իր գործողությունները համաձայնեցնի քաղաքական մեծամասնության կամ Կառավարության հետ։
Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ այս երկու սուբյեկտները։ Ու եթե համաձայնությունը ձեռք է բերվում, ապա կարող ենք հասկանալ, որ նման միջոնորդությունն ակնհայտ քաղաքական նպատակադրում ունի։ Սահմանադրական ինստիտուտների նկատմամբ հարգանք պետք է լինի»,- նկատեց Մինասյանը։
Նրա դիտարկմամբ՝ պետք է ժամկետներ սահմանվեն, օրինակ՝ միջնորդությունը պետք է քննարկվի մեկ ամիս ժամկետով, ու եթե կա հերթական նիստ, ապա նախագիծը միանգամից կմտնի օրակարգ, եթե ոչ, ապա օրենքի ուժով կհրավիրվի նիստ։
«Եթե քրեական հետապնդման մասով խնդիր չկա, պատգամավորին ազատությունից զրկելու համար շատ ծանր փաստարկներ պիտի բերվեն, քանի որ դրանով խաթարվում է պատգամավորի՝ սահմանադրական ուժով ձեռք բերված իրավունքները։ Ոչ թե մեծամասնության ուժով սեղմեք կնոպկեքը, օրենք ընդունեք ու ասեք՝ լավ ենք անում»,- ամփոփեց խոսքը Արծվիկ Մինասյանը։