Սեպտեմբերի 11-ին մեկնարկող ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում ընդգրկվել է 48 հարց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր` սեպտեմբերի 8-ին, տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի և սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 54, սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 48 հարց:
Լրացումներ են կատարվել ԱԺ խորհրդի՝ 2017 թվականի հուլիսի 11-ի որոշման մեջ, փոփոխություններ՝ հոկտեմբերի 25-ի որոշման մեջ:
ԱԺ խորհուրդը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ Թադևոս Ավետիսյանինը: Քվեարկության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը: